Իրավապահները Նարեկ Կարապետյանին ուղեկցել են ՀԷՑ՝ քննչական գործողություններին մասնակցելու

ՀԷՑ-ում քննչական գործողություններ են իրականացվում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդուն` ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանին, իրավապահներն ուղեկցել են ՀԷՑ գլխամասային գրասենյակ՝ քննչական գործողություններին տեղում մասնակցելու։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց Կարապետյանների ընտանիքի շահերի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանը։
«Նարեկ Կարապետյանը եկել է այստեղ՝ իրականացվող գործողություններին մասնակցելու»,- ասաց Ալեքսանյանը։
Հիշեցնենք` իրավապահներն առավոտյան մտել են գործարար, բարերար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու` ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ–ն անհետաձգելի քննչական գործողություններ է իրականացնում Նարեկ Կարապետյանի տանը։
Իրավապահները գործողություններ են իրականացնում նաև ՀէՑ–ում։ Իրավապահները մինչև աշխատանքային օրվա սկիզբն են եկել և աշխատակիցներից որևէ մեկին ներս չեն թողնում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Հուլիսի 2-ին Փաշինյանը նախազգուշացում արեց, թե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Հուլիսի 3-ին ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։