Ամոթ է, հազար ամոթ. Արամ Ա–ն կոչ է արել վերջ տալ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին

Արամ Ա կաթողիկոսը շեշտել է, որ հայոց լեզվի բառերը բավարար չեն ստեղծված իրավիճակին համարժեք իր ցավն ու ընդվզումը նկարագրելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կոչ է արել վերջ տալ Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։ Այդ մասին հայտնում է Կիլիկիայի հայոց կաթողիկոսությունը։
«Ամոթ է, հազար ամոթ, մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի կյանքում ստեղծված ներկայիս անառողջ և հակազգային մթնոլորտը։ Դժբախտաբար, հայոց լեզվի բառերը բավարար չեն իմ ցավն ու ընդվզումը նկարագրելու համար։ Հատկապես այն մթնոլորտը, որը վերջերս ստեղծվել է մեր ազգի երկու ազգակերտ ու հայրենակերտ կառույցների` Սուրբ Էջմիածնի և Ազգային ժողովի ներսում, ինձ համար խորապես ամոթալի է և դատապարտելի»,–նշել է Արամ Ա–ն։
Նա ընդգծել է, որ ցանկացած ազգի, եկեղեցու կամ կազմակերպության կյանքում կարող են լինել սխալներ, բացթողումներ, բևեռացումներ, առճակատումներ, սակայն դրանք պետք է քննարկվեն հատուկ ընթացակարգերով և հանդարտ մթնոլորտում, որպեսզի հնարավոր լինի լուծումներ գտնել։
«Դժբախտաբար, մոտ վեց տարի է, ինչ հայրենիք չեմ այցելել։ Վերջին օրերին ես շատ եմ մտածել Հայաստան գալու մասին, որպեսզի կարողանամ աջակցել առաջացած փոթորիկը նվազագույնի հասցնելուն։ Սակայն Ազգային ժողովում, սոցիալական ցանցերում և այլուր մեր բարոյական, հոգևոր և ազգային արժեքները խեղաթյուրող անմակարդակ և շարունակական հայտարարությունները, ինչպես նաև ձերբակալությունները չեն քաջալերում ինձ ուղղել իմ քայլերը դեպի հայրենիք»,–նշել է կաթողիկոսը։
Արամ Ա–ն սակայն իր հանձնառությունն է հայտնել գալ Հայաստան, այցելել Ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին Բ-ին, խորհրդակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պատասխանատու պաշտոնյաների հետ, որպեսզի գտնվեն կենսունակ լուծումներ, որոնք կհանեն Հայաստանը ստեղծված դժվարին իրավիճակից։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ Քննչական կոմիտե։
Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։