ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցադիմում է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տվյալները և վճարել փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Այս մասին գրում է «Հետքը»։
Փաշինյանը պահանջում է խմբագրությունից բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով տեղադրել հերքում՝ «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերնագրով հոդվածի համար։
Ըստ «Հետքի»՝ պահանջների թվում է նաև այն, որ հրապարակվող տեքստը չպետք է պարունակի թերթի որևէ այլ մեկնաբանություն կամ գրառում։
«Հուլիսի 4-ին հայցադիմումը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան և մակագրվել դատավոր Նելլի Հարությունյանին»,- գրում է լրատվամիջոցը։
Ավելի վաղ «Հրապարակը» հոդված էր հրապարակել այն մասին, որ երկրի առաջնորդը պետք է համապատասխանի պահանջների լայն շրջանակի, օրինակ՝ լինի գրագետ, խելացի, շրջահայաց և բարոյական: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է պարզել՝ դավաճանում է նա կնոջը, թե չէ։
Վարչապետը 2025թ. հունիսի 6-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել էր, որ «Հրապարակ» թերթին անպայման դատի կտա՝ ապացուցելու, որ ընտանեկան և հոգևոր կյանքն իր համար արժեք ու սկզբունք են և ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։
Վարչապետի գրառման տակ մեկնաբանություն էր կատարել «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը. «Այսինքն, դու հարցադրումներ անելու իրավունք ունես, կաթողիկոսին ամեն օր կարող ես հարցնել` ասա` կուսակրո՞ն ես, թե՞ չէ… իսկ «Հրապարակի» հոդվածագիրը նման իրավունք չունի՞»։
«Հետքը» նշում է, որ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ է լրատվամիջոցի դեմ հայց ներկայացնում։