ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնս» այգուց մեկնարկեց քայլեթն ի պաշտպանություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի։ Երթն առաջնորդում են հոգևորականները, այդ թվում` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Նրանց կողքին են Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամները։
Երթի մասնակիցները գնում են դեպի «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ գտնվում է Սամվել Կարապետյանը։
Նշենք, որ երթի մասնակիցներից շատերը հավաքին եկել են «Մեր ձևով» (#merdzevov) գրությամբ գլխարկներով և շապիկներով։ Լրագրողների հետ զրույցում գործարարի որդին` Սարգիս Կարապետյանը նշեց, որ այդ արտահայտությունն իրենց համար ազատություն է խորհրդանշում։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։