Բագրատ Սրբազանի փաստաբանը պնդում է` աղմկահարուց ձայնագրությունը մոնտաժված է

Բագրատ Սրբազան պաշտպանական խումբը ՀՀ քննչական կոմիտեին առաջարկել է հրապարակել սրբազանի աղմկահարույց ձայնագրության ամբողջական տարբերակը, որտեղ առկա է նաև «պատերի տակ գնդակահարելու» մասին հատվածը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Բագրատ սրբազանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը պնդում է` սրբազանի մասնակցությամբ ձայնագրությունը, որտեղ խոսվում է նաև «պատերի տակ գնդակահարելու» մասին, կոնտեքստից կտրված է։ Այս մասին փաստաբանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Ինչպես հայտնել ենք, «Հրապարակն» այսօր գրել էր, որ ամբողջական ձայնագրությունում հստակ լսվում է, որ խոսք է գնում թմրամոլների, թմրանյութեր վաճառողների` «բառիգների» մասին, որոնք մեր ազգը ոչնչացնում են, և սրբազանը նրանց մասին է ասում` «պատի տակ գյուլլենք` իրենց ընտանիքներն էլ ուրախ կլինեն»։ Քննչական կոմիտեից հերքել էին այս հրապարակումը` նշելով, որ արձանագրված զրույցի մեջ թմրամիջոցների կամ դրանք տարածող անձանց մասին խոսակցություն ընդհանրապես չի եղել։
«Կրկին առաջարկում եմ ամբողջությամբ հրապարակել ձայնագրությունները` առանց մոնտաժի»,– գրել է Բագրատ սրբազանի փաստաբանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ` կից հրապարակելով ձայնագրություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։