ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik․ ՀՀ ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ժամկետային զինծառայողների արձակուրդներն ավելացնելու մասին օրենքը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվեց 62 կողմ, 0 դեմ, 25 ձեռնպահ ձայներով։
Նշենք, որ գործող օրենքով շարքայինների համար նախատեսված է 10-օրյա արձակուրդ, սերժանտների համար՝ 15-օրյա: Առաջարկվող փոփոխությամբ՝ մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողները կստանան արձակուրդ՝ 30 օր ժամկետով, մյուս զինծառայողները՝ 21 օր ժամկետով (2 տարում)
Բացի այդ, զինվորական երդման կապակցությամբ առաջարկվում է լրացուցիչ արձակուրդ սահմանել՝ 2 օր։
Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է նաև, որ Հայաստանի ռազմական բուհերի շրջանավարտները կարող են տուն ձեռք բերել երկրի ցանկացած տեղում՝ Երևանում 3 սենյականոց բնակարանի միջին գնի արժեքով:
Բուհն ավարտելուց և լեյտենանտի կոչում ստանալուց հետո նրանց կտրվի բնակարանի վկայական՝ Երևանում 3 սենյականոց բնակարանի այդ պահին հաշվարկված միջին գնի չափով:
Պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը հստակեցրել է, որ նման վկայագրով ձեռք բերված բնակարանը հանձնվում է օգտագործման 20 տարով՝ ծառայության ժամկետի ընթացքում, ինչից հետո այն կդառնա սեփականություն:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մշակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռ հունվարին e-draft հարթակում։