ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Սրբազան պայքարի առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է հղել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից և նշել, որ չի զղջում. պայքարել և պայքարում է հանուն ուժեղ, հզոր և անվտանգ Հայաստանի, որի սահմանները չեն փոփոխվում ըստ «ահաբեկիչի» ցանկության։
«Մեր հայրենիքը, կյանքը, կենսագրությունը, պատիվը գողացած ահաբեկիչն «ահաբեկիչ» է փնտրում։ Եթե ես և մեր պայքարի համակիրները ահաբեկիչ և հանցագործ ենք, ուրեմն փաստ է, որ 2018թ.-ին իշխանությունը զավթել են ահաբեկիչներն ու հանցագործները»,– նշել է նա։
Նա նշել է, որ շատ բաների համար չի զղջում, չի զղջում, որ պայքարել և պայքարում է հանուն իր սեփական և հայրենի պետության մեջ ազատ ու անհալածանք ապրող Սուրբ եկեղեցու, որի զոհաբերությամբ է նաև վեր խոյացել Հայոց պետականությունը։
«Ասել եմ և կրկնում եմ՝ միայնակ լինեմ կամ ոչ, բանտում լինեմ, թե գերեզմանում, պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ չարից ազատագրված չէ հայրենիքս և պետությունս, քանզի հաղթանակն այլընտրանք չունի»,–գրել է սրբազանը։
Նշենք, որ հունիսի 27–ին Բագրատ սրբազանը ևս մեկ նամակ էր հղել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-իցու ընդգծել, որ պետք չէ երկնչել թշնամուց, որը զավթել է Հայոց պետությունը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։