ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀԷՑ–ում դեռ չեն հաշվել, թե գործարար Սամվել Կարապետյանի ազատազրկման հետևանքով նրան պատկանող ընկերությունն ինչ վնասներ է կրել ընկերությունում չեն հաշվարկել։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԷՑ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Փոխարենը, նրա խոսքով, ընկերության վարկանիշը միանշանակ բարձրացել է հակառակ պետության վարկանիշի անկման։
«Պետության վնասը իմիջային և բոլոր առումներով խայտառակ է։ Դա չի քննարկվում։ Կրթություն ունեցող ցանկացած մարդ դա կհաստատի։ ՀԷՑ–ի և Կարապետյան Սամվելի ռեյտինգային օգուտը շատ մեծ է։ Այսինքն` միանշանակ մեր ռեյտինգը բարձրացել է։ ֆինանսական վնասների մասին մենք ինֆորմացիա չունենք, չենք հաշվարկել։ Դա ավելի շատ ուրիշ դեպքում պետք կգա»,– նշեց Ղազինյանը` ակնարկելով ընկերության պետականացման դեպքում միջազգային ատյաններում պետությունից փոխհատուցում պահանջելու հավանականության մասին։
Դավիթ Ղազինյանը նշեց, որ էներգետիկ համակարգի պետականացման փորձ ունեն Արգենտինան, Բոլիվիան և Հունգարիան։ Միջազգային փորձը վկայում է, որ բոլոր այդ երկրներն ունեցել են ֆինանսական խնդիրներ, հոսանքի մատակարարման խնդիրներ, որոնք բերել են էլեկտրաէներգիայի թանկացման։
«20 տարի լինելով այս ընկերության ղեկավար կազմում` պատկերացնում եմ համակարգը բավականին լավ և տեսնում եմ` ինչ է կատարվելու։ Ռիսկերը շատ մեծ են` կառավարման առումով, ներդրումների ներգրավման առումով։ Մասնավորեցման իմաստը հենց եղել է այն, որ ավելի լավ կառավարվի»,– ասաց բանախոսը` առաջարկելով համեմատել ՀԷՑ–ի այսօրվա մատուցած ծառայությունների որակը պետության կողմից կառավարվող ցանկացած ոլորտի մատուցած ծառայությունների որակի հետ։
Մյուս կողմից, ըստ նրա, կառավարության հեղինակած պետականացման նախագիծն ուղղված է ոչ միայն էներգետիկ համակարգի դեմ, այլև պետական մարմինների։
«Այս օրենքով զոյացնում են ՀԾԿՀ–ի գործառույթը։ Տարիներ շարունակ այս պետական մարմինը կարգավորել է մի բան, որը, երևի թե չպիտի կարգավորեր կամ այլ կերպ պետք է կարգավորեր։ Պետական մարմինն աշխատում է, ուսումնասիրում, ուղղումներ է մտցնում, իրենք ասում են` չէ, սա լավ չի, պետք է շտապ պետականացվի, գնում ենք պետականացման։ Հիմքը չկա, որ մարդուն ներկայացնես մեղադրանք, ասես` այ սրա պատճառով մենք ուզում ենք պետականացնել։ Փորձեցին գեներացնել «Հոմպլեքս» մոլով, Երևանի անջատումներով բերեն պիկի։ Բայց փուչիկները հերթով տրաքեցին»,– ասաց Ղազինյանը` հավելելով, որ օրենքի նախագծում հետադարձ ուժի առկայությունն ընդհանրապես խայտառակություն է։
ՀԷՑ–ը պետականացնելու անվան տակ նախապես պլանավորած որևէ այլ սեփականատիրոջ հանձնելը, Դավիթ Ղազինյանի գնահատմամբ, արդեն մեկ այլ հանցակազմ է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։