ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի– Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին մեղադրել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։ Արարատ Միրզոյանը Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո պատասխանելով լրագրողի հարցին` նշել է, որ Սերգեյ Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ և ամբողջական չէ։
«Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել էր «իշխանությունների պայքարը եկեղեցու դեմ» ձևակերպումը, և կրկին պարոն Լավրովի տեղեկատվությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ Այն, ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից ՀՀ քաղաքականությանը խառնվելուն, քաղաքական գործընթացների մասնակցելուն։ Համաձայն իրավապահ մարմինների` նրանք մասնակցել են ապօրինի հեղաշրջման փորձերի։ Սա իրավական պրոցես է, և սա Հայաստանի ներքին գործն է», - նշել է Միրզոյանը։
Նշենք, որ ռուս նախարարը չի օգտագործել «իշխանությունների պայքարը եկեղեցու դեմ» ձևակերպումը, նա խոսել է միայն «եկեղեցու վրա հարձակումների» մասին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարն ընդգծել է, որ սա Հայաստանի ներքին գործն է, սակայն դա չի խանգարել Միրզոյանին` հանդիմանելու Սերգեյ Լավրովին ՀՀ ներքին գործերին միջամտելու համար։
«Պարոն Լավրովն ավելի լավ է` չխառնվի Հայաստանի ներքին գործերին և ներքին քաղաքականությանը: Կուզեի օգտվել առիթից և նույն կոչն անել պարոն Լավրովի խորհրդարանական գործընկերներին, մեդիա գործընկերներին: Ես կարծում եմ, որ և՛ ՌԴ պաշտոնյաները, և՛ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին», - հավելել է Միրզոյանը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Դատարանը հունիսի 28–ին որոշեց 2 ամսով կալանավորել Շիրակի թեմի առաջնորդին։
Նշենք, որ այս ՔԿՀ–ում է գտնվում նաև գործարար Սամվել Կարապետյանը, որի նկատմամբ քքրեական հետապնդում սկսվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։