ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Իրանի նախագահի հատուկ օգնական, Էթնիկ, կրոնական և դավանանքային հարցերով խորհրդի նախագահ Հոջաթոլեսլամ Սեյեդ Մահմուդ Ալավին այսօր առավոտյան այցելել է հիվանդանոցում գտնվող թեհրանահայ ընտանիքին, որը տուժել ու վիրավորում է ստացել Իսրայելի ռմբակոծության հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է «Ալիք» օրաթերթը։
Այցի ընթացքում Ալավին տեսակցել է ծանր վիրավորում ստացած 72-ամյա Անահիտ Շահբազյանին և նրան փոխանցել նախագահ Փեզեշքիանի բարեմաղթանքներն ու շուտափոյթ ապաքինում մաղթել նրան:
Հայ ընտանիքի մյուս երեք անդամները թեթև վնասվածքներով հիվանդանոցից դուրս էին գրվել դեպքի երկրորդ օրը:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: