Ի՞նչ են խոսել Տեր–Պետրոսյանն ու Գարեգին Երկրորդը. «Ժողովուրդ»

ՀՀ առաջին նախագահը Գարեգին Երկրորդին հյուրընկալել էր իր առանձնատանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպմանը կոչ է արել հանգստություն, զգոնություն պահպանել և չտրվել որևէ սադրանքի։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ Տեր–Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Գարեգին Երկրորդին։
Ըստ թերթի` Տեր-Պետրոսյանն ընդգծել է` որևէ իշխանություն եկեղեցու ինքնիշխանության դաշտ ներխուժելու ու իր կամքը թելադրելու իրավունք չունի՝ հիշեցնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ եկեղեցին գործում է պետությունից անջատ։
«Ես լավ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին։ Նա կանգ չի առնելու՝ գոռալու է, ճղճղալու է, վիրավորելու է, սադրելու է։ Բայց եկեղեցին պետք է հակադրվի իր հավասարակշռությամբ», – մոտավորապես այսպիսի խոսքեր է հնչեցրել առաջին նախագահը։
Կաթողիկոսն իր հերթին ասել է, որ վերջին շրջանում տարբեր ուղղություններով անընդհատ զգուշացումներ ու սպառնալիքներ է ստանում։ Սակայն հոգևոր հովիվը այս պահին շարունակում է դիմադրել։
Նշենք, որ Տեր–Պետրոսյանը հունիսի 7-ին գնացել էր Մայր աթոռ և լիակատար աջակցություն հայտնել Գարեգին Բ–ին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան. փաստաբան