ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Իրանա–իսրայելական դիմակայությունը կտրուկ սրել է իրավիճակը տարածաշրջանում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը՝ ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ։
«Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է։ Առաջին հերթին դա կապված է իրանաիսրայելական դիմակայությամբ և Իսրայելի ու ԱՄՆ–ի կողմից Իրանի ռազմական օբյեկտներին և ենթակառուցվածքներին հասցված հարվածներով։ Նման գրոհները ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում են», – ասել է Բելոուսովը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն անմիջապես և բոլոր մակարդակներում ցավակցություն է հայտնել Իրանին բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ։
«Ռուսաստանը վճռականորեն դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ–ի գործողությունները: Հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ նպաստելու հակամարտության դեէսկալացիային: Եվ միջնորդական ջանքեր ցուցաբերել այս գործընթացում», – ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Նրա գնահատմամբ՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, Գազայի հատվածում տեղի ունեցած մարդասիրական աղետը և Լիբանանում ստեղծված իրավիճակը նույն շարքում են: Բելոուսովը նաև նշել է, որ ահաբեկչական գաղափարախոսությունների տարածումը Մերձավոր Արևելքից և զինյալների տարանցումը Աֆղանստան շարունակվում է:
ՌԴ պաշտպանության նախարարը հավելել է, որ պահպանվող անկայունությունը ՇՀԿ տարածքում անդրազգային հանցագործության և ահաբեկչական սպառնալիքի հիմնական աղբյուրն է:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: Դրանից հետո նոր հարձակումների մասին հաղորդագրություններ չեն եղել: