ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Ռիո Մոլի» ողջ անձնակազմն իր աջակցությունն է հայտնել առևտրի կենտրոնի հիմնադիր, գործարար, բարերար Սամվել Կարապետյանին` ակնկալելով նրա շուտափույթ ազատ արձակումը։ Այդ մասին հայտարարություն է տարածել առևտրի կենտրոնի աշխատակազմը։
«Պետության համար ճակատագրական պահերին Սամվել Կարապետյանը միշտ կանգնած է եղել բանակի ու հայրենիքի կողքին։ Պատերազմական իրավիճակներում նա ապահովել է տրանսպորտային միջոցներով և տեխնիկական սարքավորումներով, կատարել է նվիրատվություններ կամավորականներին և պաշտպանական հիմնադրամներին, աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին: Այս ամենը՝ առանց աղմուկի, լուռ ու արժանապատվորեն։ Նրա հայրենասիրությունը միշտ եղել է գործով, ոչ` խոսքով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ ՀՀ-ում հերթական ներդրման արդյունքում 2017 թվականին բացվել է «Ռիո Մոլը»՝ ապահովելով հազարից ավել աշխատատեղեր, նորանոր կազմակերպությունների ներգրավվածություն՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը:
«Վստահ ենք, որ Սամվել Կարապետյանի անկոտրում հայրենասիրական միտքը անպարտ կմնա: Հայոց աշխարհը ուժեղ է, քանի դեռ կան հայ ազգի նվիրյալներ, ովքեր ապրում են ոչ միայն իրենց համար, այլ՝ ժողովրդի, հայրենիքի և հավիտենական արժեքների»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ «Դալմա Գարդեն Մոլի» ողջ թիմն իր աջակցությունն ու համերաշխությունն էր հայտնել առևտրի կենտրոնի հիմնադիր Սամվել Կարապետյանին։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, իսկ հունիսի 24-ին՝ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։