ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Իսրայելը հասել է «Իրանի դեմ ռազմական գործողության բոլոր նպատակներին՝ վերացնելով սպառնալիքները միջուկային և հրթիռային ոլորտներում»։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
«Անցած գիշեր վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության կաբինետի նիստ է անցկացրել պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի և «Մոսադի» ղեկավարի մասնակցությամբ՝ հայտնելու համար, որ Իսրայելը ոչ միայն հասել է «Ժողովուրդը՝ ինչպես առյուծ» գործողության բոլոր նպատակներին, այլև գերազանցել է դրանք։ Իսրայելը վերացրել է անմիջական գոյաբանական կրկնակի սպառնալիքը միջուկային ոլորտում և բալիստիկ հրթիռների ոլորտում», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։
Նշվում է, որ գործողության ռազմավարական նպատակներին հասնելու կապակցությամբ և նախագահ Թրամփի հետ լիակատար համակարգվածությամբ՝ Իսրայելը ընդունել է երկկողմանի հրադադարի մասին նրա նախաձեռնությունը։
Նեթանյահուի գրասենյակը պնդում է, որ գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) «լիակատար վերահսկողություն է հաստատել Թեհրանի օդային տարածքի նկատմամբ, ջախջախիչ հարված է հասցրել Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարությանը և ոչնչացրել է տասնյակ առանցքային պետական ենթակառուցվածքային օբյեկտներ»։
Վարչապետի գրասենյակը երախտագիտություն է հայտնել նախագահ Թրամփին և ԱՄՆ–ին՝ «նրանց աջակցության և իրանական միջուկային սպառնալիքի վերացման գործում մասնակցության համար»։
Միևնույն ժամանակ գրասենյակը զգուշացրել է, որ Իսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման։
«Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման։ Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել ճակատի հրամանատարության հրահանգներին այնքան ժամանակ, մինչև հրադադարի լիարժեք պահպանումը հաստատվի»,– ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: Դրանից հետո նոր հարձակումների մասին հաղորդագրություններ չեն եղել: