Երիտասարդ իրանցի միջուկային գիտնական է զոհվել Իսրայելի հարվածից՝ հրադադարից անմիջապես առաջ

Ֆիզիկոսների սպանությունը Իսրայելի կողմից Իրանի վրա ծրագրած հարվածների մի մասն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիքին սպանվել է Իսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման ժամանակ: Այս մասին գրում է տեղական Nour News պորտալը։
Դա տեղի է ունեցել հրադադարի ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ։
Համացանցում գրում են, որ Սադիքին ղեկավարել է Իրանի պաշտպանական հետազոտությունների կազմակերպությունը, մեկ ամիս առաջ նրա դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներ են սահմանվել։
Ըստ հրապարակումների` Իրանի վրա Իսրայելի հարվածների սկսվելուց ի վեր 12 օրվա ընթացքում սպանվել է ավելի քան 20 իրանցի գիտնական, որոնք այս կամ այն ​​կերպ ներգրավված են եղել երկրի միջուկային ծրագրերում։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: Դրանից հետո նոր հարձակումների մասին հաղորդագրություններ չեն եղել: