ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Իրանի միջուկային օբյեկտները՝ դա անվանելով «ճշգրիտ տերմին»։ Այս մասին նա գրել է Truth Social սոցցանցի իր էջում։
«Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հսկայական վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները։ Ոչնչացումը ճշգրիտ տերմին է», – ասել է Թրամփը։
ԱՄՆ առաջնորդը նաև հնարավոր է համարել Իրանում իշխանափոխությունը։
«Քաղաքական առումով սխալ է օգտագործել «ռեժիմի փոփոխություն» տերմինը, սակայն եթե Իրանի ներկայիս ռեժիմն ի վիճակի չէ կրկին Իրանը հզոր դարձնել, ապա ինչու՞ չփոխել ռեժիմը», – գրել է Թրամփը։
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտների Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», հակառակ դեպքում Իրանը կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հարձակումներից հետո, որոնք Իրանում անվանել են բարբարոսական և հանցավոր, ասել է, որ ԱՄՆ–ն պատերազմի մեջ չէ Իսլամական Հանրապետության հետ։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ «դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա... այդ դեպքը չէ»։ Նրա խոսքով, հենց Միացյալ Նահանգներն են դավաճանել դիվանագիտությանը։ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար, եզրափակել է նա։
Ռուսաստանը վճռականորեն դատապարտել է Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցված հարվածները. դրանք կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Մոսկվան ՄԱԳԱՏԷ–ից անաչառ արձագանք է ակնկալում իրադարձություններին։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ Իրանի միջուկային արդյունաբերության զարգացումը չի դադարեցվի։
ԱՄՆ–ի հարձակումը բացասական արձագանք է առաջացրել միջազգային մակարդակում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ԱՄՆ հարվածները անվանել է տարածաշրջանում վտանգավոր էսկալացիա և անմիջական սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։