Երբեք չէի մտածել, որ հայրս այս վիճակում կհայտնվի. Սամվել Կարապետյանի որդին դատարանի մոտ է

Սարգիս Կարապետյանը կարծում է, որ պետք է միասնական լինել և կանգնել Սամվել Կարապետյանի կողքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Սամվել Կարապետյանի որդին` Սարգիս Կարապետյանը, այսօրվա դատական նիստից սպասումներ չունի, նրա համար հանգուցալուծման ցանկացած տարբերակ համարվում է աշխատանքային։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դիմաց նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի թղթակցին։
Կարապետյանի նկատմամբ Հայաստանում գործ է հարուցվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի հոդվածով։ Գործարարն այդ մեղադրանքը չի ընդունում։ Շուտով դատարանը կհրապարակի նրա խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։
Սարգիս Կարապետյանն ասաց` երբեք չէր մտածել, որ իր հայրը կարող է այսպիսի իրավիճակում հայտնվել, բայց ընկճված չէ։
«Կարևորը իրականությունն է ու իրականությունը սա է, սենց պետք է պայքարենք։ Պետք է կանգնենք այստեղ, լինենք միասին ու հորս հետ»,– ասաց նա։
Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ, այնտեղից էլ` դատարան։
Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել։