Մեղրի քաղաքի յուրաքանչյուր բնակիչ այս կամ այն կերպ կապված է սահմանի ու սահմանային պահպանության հետ։ Ոմանք ծառայում կամ աշխատում են սահմանապահ ջոկատում, մյուսները հողամասեր ունեն և սահմանապահ զորքերի ինժեներական ու տեխնիկական կառույցների գծից այս կողմ զբաղվում են գյուղատնտեսությամբ: Ապրելով սահմանի մոտ` նրանք բոլորը դառնում են ընդհանուր գործի՝ սահմանի պահպանության մասնիկ։
Հատկանշական է, որ սահմանապահ ջոկատի կազմավորումից ընդամենը մեկ ամիս անց՝ 1955 թվականի հուլիսի 9-ին, Մեղրիում, զինվորականի ընտանիքում ծնվեց ապագա գեներալ-լեյտենանտ Միքայել Հովհաննիսյանը:
Միքայելի երկու ծնողներն էլ իրենց ամբողջ կյանքը նվիրել են ծառայությանը և սերտորեն կապված են եղել զորամասի հետ: Հայրը` Սերգեյ Հովհաննիսյանը, շուրջ 45 տարի ծառայել է սահմանապահ ջոկատում, մայրը երկար տարիներ գանձապահ-հաշվապահ է աշխատել: Նրանց հարգել և գնահատել են ինչպես զորամասում, այնպես էլ քաղաքում։
Սահմանապահ զորքերի վետերան Սերգեյ Հովհաննիսյանը որդու՝ Աշոտի հետ
© Sputnik / Aram Nersesyan
Սահմանապահ ծառայության հետ են կապված նաև Հովհաննիսյանների մեծ ընտանիքի մյուս անդամների՝ կնոջ, դստեր, եղբոր, եղբոր կնոջ և նրա դստեր ճակատագրերը: Նրանք ընդհանուր առմամբ ավելի քան 500 տարի են նվիրել սահմանապահ զորքերում ծառայելուն։ Կարելի է ասել, որ Միքայել Հովհաննիսյանն ու նրա ընտանիքը սահմանապահ ջոկատի ձևավորման և առաջխաղացման կենդանի վկաներն են։
Սպա դառնալու որոշումը Միքայելը կայացրել է դեռևս 7-րդ դասարանում։ Մասնագիտության ընտրությունը գիտակցված է եղել և միանգամայն բնական. նա մեծացել է զինվորականների շրջանում, որոնք նրա համար երկրի և գործի նվիրյալների օրինակ էին։
1992թ. Միքայել Հովհաննիսյանը նշանակվել է Արտաշատի սահմանապահ ջոկատի պետ: Այս ժամանակահատվածը ամենադժվարներից մեկն էր ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ երկրի տարածքում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերի համար: Թուրքական կողմից հաճախակի, այդ թվում՝ զենքի կիրառմամբ սադրանքների, ֆինանսավորման լուրջ պրոբլեմների, անձնակազմի պակասի պայմաններում, Արցախում ընթացող պատերազմի, Հայաստանի շրջափակման և տնտեսական լուրջ դժվարությունների ֆոնին սահմանի պահպանության հարցերը միահյուսվել էին ծառայողական-մարտական գործունեության ապահովման խնդիրներին։
Տեղական իշխանության մարմինների և բնակչության հետ ամենօրյա փոխգործակցությունն էր թույլ տալիս ապահովել հայ-թուրքական հատվածի հուսալի պաշտպանությունը։ Չնայած բոլոր մարտահրավերներին` ջոկատը հաջողությամբ կատարում էր իր առաջադրանքները՝ բազմիցս ընդգրկվելով Ռուսաստանի սահմանապահ զորքերի լավագույն ստորաբաժանումների շարքում:
Օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ գրանցած հաջողությունների համար 1993 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով նշանակվեց «Արմենիա» զորախմբի հրամանատար, իսկ 1994 թվականի մայիսի 27-ին՝ 39 տարեկանում, նրան շնորհվեց գեներալ-մայորի կոչում:
1996-1998 թվականներին Միքայել Հովհաննիսյանը սովորեց Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիայում, որն ավարտեց գերազանցությամբ։ Ավարտելուց հետո նշանակվեց Վլադիվոստոկի Խաղաղօվկիանոսյան սահմանային շրջանի՝ ամենամեծ և ռազմավարական առումով կարևոր միավորումներից մեկի շտաբի պետ։ Այդ միավորումը պատասխանատու է Չինաստանի, ԿԺԴՀ-ի և Ճապոնիայի հետ սահմանների պահպանության համար: 1999 թվականին Ռուսաստանի նախագահի հրամանագրով նրան շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
2002 թվականին գեներալ Հովհաննիսյանը գլխավորեց Չելյաբինսկի Հարավարևելյան տարածաշրջանային սահմանային վարչությունը։ Նրա ենթակայության տակ էին գտնվում մի քանի վարչություններ, որոնք պատասխանատու էին ավելի քան 7500 կիլոմետր երկարությամբ ռուս-ղազախական ողջ սահմանի պահպանության համար։
Իր ծառայության բոլոր փուլերում Միքայել Հովհաննիսյանին բնորոշ են եղել ամենաբարձր պրոֆեսիոնալիզմը, ռազմավարական մտածողությունը, կարևորն արագ վերհանելու, ոչ ստանդարտ, բայց հավասարակշռված որոշումներ կայացնելու և նույնիսկ ամենաբարդ պայմաններում դրանց իրականացմանը հասնելու ունակությունը։ Նա միշտ պահանջկոտ էր ենթակաների, իսկ առաջին հերթին՝ հենց իր նկատմամբ։
Պահեստազորի շարքերը համալրելուց հետո գեներալ Հովհաննիսյանը շարունակում է ակտիվ աշխատել քաղաքացիական ոլորտում։ Նրա գիտելիքներն ու փորձը մնում են պահանջված. նա հաճախ է այցելում սահմանապահ վարչություն, ջոկատներ և ուղեկալներ՝ մնալով հեղինակավոր գործիչ ինչպես գործընկերների, այնպես էլ սպաների երիտասարդ սերնդի համար:
Գեներալ Միքայել Հովհաննիսյան փողոց, Մեղրի
© Sputnik / Aram Nersesyan