Փաշինյանը պատրաստվում է գնալ վտանգավոր արկածախնդրության. «ՀայաՔվեն» հայտարարություն է արել

«ՀայաՔվեն» կոչ է անում լինել արթուն և զգոն՝ անհրաժեշտության դեպքում Մայր աթոռը պաշտպանելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին կոչը ՀՀ սահմանադրության կոպտագույն խախտում է, սպառնալիք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի և մյուս հոգևորականների համար։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը։
Փաշինյանն այսօր հերթական գրառումն էր կատարել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի վերաբերյալ՝ կրկնելով, թե նա խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նրա խոսքով՝ Գարեգին Բ–ն այսպիսով չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս ու ընտրվել կաթողիկոս։ Նա կոչ էր արել «հավատավոր հետևորդներին» համախմբվել՝ վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։

«Կատարելով Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի և Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի ուղիղ ցուցումները՝ Փաշինյանը փորձում է տապալել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 1725-ամյա նվիրապետության կարգը և պատրաստվում է գնալ վտանգավոր արկածախնդրության։ Նրա վերջին կոչը ՀՀ սահմանադրության կոպտագույն խախտում է. այն ուղիղ ֆիզիկական սպառնալիք է ստեղծում Վեհափառ Հայրապետի և Մայր Աթոռի միաբանների համար»,–ասվում է «ՀայաՔվեի» տարածած հայտարարության մեջ։

«ՀայաՔվեն» կոչ է անում լինել արթուն և զգոն՝ անհրաժեշտության դեպքում Մայր աթոռը պաշտպանելու համար։ Նշվում է, որ Մայր աթոռին ֆիզիկական վտանգ սպառնալու դեպքում նախաձեռնությունը կլինի պաշտպանության առաջին շարքերում:
Վարչապետն այսօր ցուցադրեց «նորաձև» հռչակված կրթության պակասը․ Արշակ սրբազան
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին մի շարք հոգևորականներ` դատապարտելով նրա հայտարարությունը։
Հունիսի 2–ին ՀՀ վարչապետը հայտարարեց` եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։