«Կիլիկիա»-ն մտահոգություն է հայտնել կաթողիկոսի նկատմամբ իշխանության պահվածքի վերաբերյալ

Ժողովի ժամանակ նաև վերահաստատվել է Արցախի պետական հաստատությունների գործունեությունը շարունակելու իրավական նշանակության կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Կիլիկիա» հարթակը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանում բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ իշխանության ներկայացուցիչների ստեղծած մթնոլորտի համար։ Այդ մասին ասվել է Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ կայացած «Կիլիկիա» վերլուծական հարթակի առցանց նիստի ժամանակ։
«Անընդունելի է հարցերն այս ձևով բարձրացնելն ու արծարծելը, որոնք չեն առաջնորդելու դեպի լուծումներ, այլ ստեղծելու են ներհասարակական լարվածություն»,– ասված է հայտարարության մեջ։
Ժողովի ժամանակ խոսվել է նաև Արցախի իրավունքների պաշտպանության համար արված տարբեր նախաձեռնությունների մասին, վերահաստատվել է Արցախի պետական հաստատությունների գործունեությունը շարունակելու իրավական նշանակության կարևորությունը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հաջորդ օրը նա տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։ Հունիսի 2–ին ՀՀ վարչապետը հայտարարեց` եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։