Այս պահին քննարկում չկա․ Գալյանը՝ Սահմանադրության մեջ եկեղեցուն առնչվող փոփոխության մասին

Նախօրեին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ կարող է քննարկվել նոր Սահմանադրության տեքստում եկեղեցի-պետություն հարաբերությունների համատեքստում փոփոխություն անելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ Եկեղեցի–պետություն հարաբերությունները նոր Սահմանադրության տեքստում վերանայելու հարց այս պահին չի քննարկվում։ Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք բացառու՞մ է նման քննարկումը՝ նախարարը նշեց՝ ոչինչ էլ չի բացառում։
«Յուրաքանչյուր հնչեցված միտք գաղափար է, որը կարող է քննարկվել, և դրա շուրջ կարող է խորհրդի կողմից կոնսենսուս լինել կամ չլինել»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք` նախօրեին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ևս չէր բացառել, որ եկեղեցի-պետություն հարաբերություններն ու պետության մասնակցության հնարավորությունը եկեղեցու գործունեությանը «թափանցիկության ապահովման» նպատակով կարող են վերանայվել նոր Սահմանադրության տեքստում։
Պատասխանելով լրագողի ճշտող հարցին, թե արդյոք դա կարող է նաև վերաբերել վեհափառի ընտրությանը, Սիմոնյանը նշել էր՝ չի բացառում։ Միաժամանակ, խորհրդարանի նախագահը շեշտել էր, որ նման քննարկում այս պահին չկա, առնվազն ինքը նման քննարկման չի մասնակցել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և այլք։ Արշակ սրբազանն այդ հայտարարությունը որակեց որպես «նորաձև հռչակված» կրթության պակասի արդյունք։ Հաջորդ օրը Փաշինյանը տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։
Եկեղեցականների ու իշխող կուսակցության ներկայացուցիչների միջև «փոխհրաձգությունը» շարունակվում է մինչ օրս։