Արա Զոհրաբյանը բողոք է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի վարքը քննելու համար

Բողոքում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր անզուսպ բառապաշարով ու խտրական վերաբերմունքով պայմանավորված ոտնձգություն է կատարել բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանի փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը բողոք է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքը քննելու համար։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Իր դիմումում նա հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնելով վարչապետի պաշտոնը պարտավոր է ղեկավարվել «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներով, որոնք են՝ հանրությանը ծառայելու գիտակցումը, հավատարմությունը հանրային շահին, բարեկրթությունը և հարգալիրությունը, բարեխղճությունը, օբյեկտիվությունը:

«Նիկոլ Փաշինյանն իր անզուսպ (լկտի) բառապաշարով խտրական վերաբերմունքով պայմանավորված ոտնձգություն է կատարում բարձրաստիճան հոգևորականների, մասնավորապես՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, Միքայել եպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ, ինչպես նաև փորձում է միջամտել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարմանը»,- գրել է նա։

Փաստաբանը հիշեցրել է, որ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:
Նա նշում է, որ բողոքը ներկայացվել է այս և մյուս խախտումների կապակցությամբ։
Հիշեցնենք՝ մայիսի 29-ին, ՀՀ վարչապետը կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և այլք։ Արշակ սրբազանն այդ հայտարարությունը որակեց որպես «նորաձև հռչակված» կրթության պակասի արդյունք։ Հաջորդ օրը Փաշինյանը տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։
Հունիսի 2-ին Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն էր արել՝ գրելով, թե եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Դրան ի պատասխան՝ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կոչ արեց իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը։