ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ՆԳՆ փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում կներկայացնի ժամերի ընթացքում, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
24News-ի տվյալներով՝ նրանից հրաժարականի դիմում է պահանջել վարչապետ Փաշինյանը։
Արամ Հովհաննիսյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2023 թ. հունվարի 9-ին, մինչ այդ՝ 2020-2023 թթ. եղել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ:
59-ամյա Հովհաննիսյանը ներքին գործերի մարմիններում աշխատում է 1990 թվականից:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փաշինյանը ստորագրել է հրաժարականի դիմումը։
Հիշեցնենք՝ անցած տարի Hetq.am–ը գրել էր, որ Արամ Հովհաննիսյանի որդին` Հրաչյա Հովհաննիսյանը, 2015 թվականին, երբ նրա հայրը եղել է Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի պետ, սեփականաշնորհել է ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասն ու ապօրինի շինարարություն արել։
Հավելենք նաև, որ 2024 թ. հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։ «Լավ են արել, դուք եք սադրում»,–այսպես ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն արձագանքեց այդտեղ գտնվող լրագրողի այն հարցին, թե ինչու են լուսաձայնային նռնակներ կիրառում։