ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև այդ դեպքում նա չէր կարող լինել կուսակրոն քահանա, Ամենայն հայոց կաթողիկոսը չի կարող ունենալ այդպիսի անձնական կյանք։ Այս մասին սոցցանցերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խնդիրը բարձրացնում եմ որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որովհետև տեսնում եմ հոգևոր անվտանգության խնդիր, ասում եմ նաեւ որպես ՀՀ վարչապետ, որովհետև տեսնում եմ պետական անվտանգության խնդիր»,–գրել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և այլք։ Արշակ սրբազանն այդ հայտարարությունը որակեց որպես «նորաձև հռչակված» կրթության պակասի արդյունք։ Հաջորդ օրը Փաշինյանը տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։