ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում այսօր կողաշրջված կվադրոցիկլի դեպքով, որի հետևանքով կային զոհեր և տուժածներ, քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` ժամը 11:20–ի սահմաններում, Ծաղկաձորում կվադրոցիկլ է վթարի ենթարկվել, կա 2 զոհ, 2 տուժած։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից նշել էին, որ վթարի զոհ են դարձել 2009 թվականին ծնված 2 աղջիկներ։
ՔԿ–ից հայտնեցին, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որը կատարվել է հարբած (ոչ սթափ վիճակում) կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից։ Պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով։
Ներկայում միջնորդություն է նախապատրաստվում կվադրոցիկլի վարորդին կալանավորելու համար։