ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik․ Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում որպես «պարետ» մնացած Սարգիս Գալստյանի դատավճիռը մնացել է անփոփոխ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Նշվում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, մերժել է Սարգիս Գալստյանի վճռի դեմ կողմերի բողոքները՝ թողնելով վճիռն անփոփոխ։
Նախորդ տարվա նոյեմբերին հայտնել էինք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել լրտեսության համար մեղադրվող Սարգիս Գալստյանին։ Հանրային մեղադրողը միջնորդել էր Գալստյանին դատապարտել ցմահ ազատազրկման, ուստի դատախազությունը բողոքարկել էր դատավճիռը։
Պաշտպանության կողմը ևս բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել դատական ակտը և արդարացնել Գալստյանին։
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Գալստյանը ունեցել է Սարխան մականունը և 2020-23 թվականներին օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցին է փոխանցել ԼՂ տարածքում տիրող սոցիալ-տնտեսական, բնակչության տրամադրությունների, ռազմական գործողությունների հանդեպ ունեցած վերաբերմունքի, սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Հայաստանի հնարավոր ռազմական աջակցության մասին տեղեկություններ:
Հիշեցնենք` 2023թ–ին Արցախի հայության բռնի տեղահանումից հետո Սարգիս Գալստյանը կնոջ հետ էր մնացել Ստեփանակերտում` որպես պարետ, չնայած այդ ժամանակ արդեն մի քանի տասնյակ հայ էր մնացել Արցախում։ Գալստյանների ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2024 թվականի մարտի 29-ին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։ ՀՀ սահմանը հատելուց հետո նրանց ձերբակալել էին, բայց Գալստյանի կնոջն ավելի ուշ ազատ էին արձակել, իսկ անձամբ իրեն մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում լրտեսության համար մեղադրանք էր առաջադրվել և խափանման միջոց էր ընտրվել կալանքը։