ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ուկրաինան հատուկ ծառայությունների մասնակցությամբ քաղաքական արշավ է անցկացնում Հունգարիայի դեմ։ Այս մասին հայտարարել է իշխող «Ֆիդես» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մատե Կոչիշը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Պաշտոնյայի խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հունգարական հետախուզության հետ կապերի մեջ կասկածվողներից երկուսին ձերբակալել է դեռ մեկ ամիս առաջ, սակայն տվյալները հրապարակել է միայն հիմա՝ հունգարական ընդդիմության համար շահավետ պահին:
Վարչապետ Վիկտոր Օրբանը մայիսի 13-ին հրավիրել է Պաշտպանության խորհուրդ՝ իրավիճակն անվանելով ընդդիմության մասնակցությամբ Ուկրաինական ծառայությունների հատուկ գործողություն, որն ուղղված է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության քվեարկությունը խափանելուն:
Մատե Կոչիշը հայտնել է, որ հունգարական հատուկ ծառայությունները երկար ժամանակ ակտիվություն են արձանագրել Ուկրաինայի կողմից, սակայն դա չեն հանրայնացրել էսկալացիայից խուսափելու համար: Բայց ՈւԱԾ-ի՝ մայիսի 10-ի հրապարակումը ստիպել է Բուդապեշտին պատասխան միջոցներ ձեռնարկել։
Կոչիշի խոսքով՝ մայիսի 9-ին Հունգարիան արտաքսել է երկու ուկրաինացի դիվանագետների՝ Յուրի Կերնիչնիին և Դմիտրի Կրիչֆալուշիին, ինչպես նաև Ուկրաինայի դեսպանատան նախկին աշխատակից Սերգեյ Ալեքսանդրովին, որին 10 տարով արգելված է մուտք գործել շենգենյան համաձայնագրի պետություններ:
Նա նշել է, որ ուկրաինական կողմը նախապես տեսագրել էր լրտեսության մեջ կասկածվող զինվորականների ձերբակալման տեսանյութը, սակայն այն հրապարակել էր հունգարացի ընդդիմադիր Պետեր Մագյարի ելույթի հաջորդ օրը: Նա նաև մատնանշել է սոցցանցերում հունգարական զրահատեխնիկայով հին կադրերի տարածումը, ինչը, նրա խոսքով, նման է Հունգարիան ագրեսոր ներկայացնելու փորձի:
Տեսանյութի հրապարակման օրը, ըստ նրա, ուկրաինական կողմը կանչել է հունգարական հատուկ ծառայության ներկայացուցչին՝ առանց նրան նախազգուշացնելու գործողության մասին, ինչը դիվանագիտական պրակտիկայի խախտում է:
Գործի տվյալների մի մասը գաղտնագրված է 50 տարով։ Հունգարիան ուժեղացրել է հակաքայլերը և նոր միջոցներ է նախապատրաստում։
«Սա միայն սկիզբն է», - ընդգծել է Կոչիշը:
Ավելի վաղ ՈւԱԾը հայտարարել էր հունգարական հետախուզության գործակալական ցանցի բացահայտման մասին: Ձերբակալվել են ուկրաինացի նախկին զինվորականներ։ Ի պատասխան՝ Բուդապեշտն արտաքսել է երկու ուկրաինացի դիվանագետների, ինչին Կիևը պատասխանել է «հայելային» միջոցներով։ Նույն օրը արտաքսվել է Ուկրաինայի դեսպանատան ևս մեկ նախկին աշխատակից։