Մոսկվայի Գեներալ Տյուլենևի փողոցում գտնվող բազմահարկ շենքերից մեկում պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել 9-րդ հարկում։ Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ ենթադրվում է, որ պայթյունի պատճառը կենցաղային գազն է։ Երկու բնակարան հրդեհվել է, փլուզվել են 8-րդ և 9-րդ հարկերի միջև ընկած ծածկերը։
Հաստատված տվյալներով՝ 2 մարդ է մահացել։ Համացանցում հրապարակված կադրերում երևում են պատշգամբից կախված նրանց մարմինները։ ԶԼՄ-ները հայտնում են, որ ևս մեկ մարդ է մահացել։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ում գրել է, որ տեղում աշխատում են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները, քաղաքային ծառայությունները, բժիշկները։
Մարդկանց տարհանել են հարակից մուտքերի բնակարաններից, նրանց համար ժամանակավոր տեղավորման կետեր են կազմակերպվել։ Քաղաքապետը նշել է, որ ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն:
Հարևան շենքում գտնվող սրճարանի աշխատակիցը RT-ին պատմել է, որ պայթյունը շատ ուժգին է եղել։
Արտակարգ ծառայությունների վերջին տվյալներով՝ 13 մարդ է տուժել։