Պաշտոնը ստանձնելուց առաջ ձեռք բերված գույքը չպետք է հետաքրքրի իրավապահներին. Օրբելյան

Փաստաբան Արամ Օրբելյանը ՍԴ–ի որոշումն ուսումնասիրելուց հետո Sputnik Արմենիային ասել է, որ ՍԴ–ի որոշման համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել բացառապես կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարի նպատակներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, բայց ամբողջական որոշման հրապարակումից հետո այլ իրողություններ են բացահայտվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը։
Նրա մեկնաբանմամբ` դատախազական պրակտիկան` մասնավորապես ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմում ներկայացնելու գործընթացները, մեր երկրում գնացել են այլ ուղղությամբ, և դրա արդյունքում արդեն իսկ ստեղծվել է հակասահմանադրական իրավիճակ։
Ինչպես հայտնի է, շուրջ 4 տարի քննելուց և ավելի քան 10 օր խորհրդակցական սենյակում մնալուց հետո ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց ընդդիմադիրների վիճարկած` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Ապրիլի 16–ին հրապարակվեց ՍԴ–ի որոշման միայն եզրափակիչ մասը, իսկ ապրիլի 21-ի երեկոյան` ամբողջական` 101– էջանոց որոշումը։
Փաստաբան Արամ Օրբելյանը որոշումն ուսումնասիրելուց ու գործընկերների հետ քննարկելուց հետո եկել է եզրակացության, որ դրա հիմնական ասելիքներից մեկն այն է, որ սեփականության իրավունքը որոշ դեպքերում կարող է սահմանափակվել, բայց միայն կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարի նպատակներով` օրենքի հիման վրա և դատական կարգով։
Բացի այդ, գույքը, որը փորձ է արվում բռնագանձել, պետք է կապ ունենա ենթադրյալ հանցագործության հետ։
«ՍԴ–ն ավելի հստակ ձևակերպում է տվել. այդ գույքը պետք է ստացված լինի այդ հանցագործության արդյունքում։ Դատարանն ուղղակիորեն արձանագրեց` որպեսզի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով հարուցված գործերը լինեն համաչափ, անհրաժեշտ է, որպեսզի բռնագանձման ենթակա գույքը լինի նշված հանցագործությունից ստացված, այսինքն` դրա արդյունքում ձեռք բերված»,– նշում է Օրբելյանը։
Նա հավելում է, սակայն, որ այսօր դատարանում գտնվող ապօրինի գույքի բռնագանձման պահանջներով գրեթե բոլոր գործերը հակասում են ՍԴ–ի որոշման մեջ նշված այս պայմանին, հետևաբար, այդ գործերի մի մասն ինչ–որ չափով, մյուսները` ամբողջությամբ, պետք է կրճատվեն։
«Օրինակ` այսօր ունենք դեպք, երբ անձը մեղադրվում է 2009թ–ին կաշառք ստանալու մեջ։ Ուսումնասիրության արդյունքում խնդրում են պարզաբանել, թե 1996թ–ին այդ անձը որտեղից է ձեռք բերել` սեփականաշնորհել ինչ–որ գործարան կամ կազմակերպություն։ Մենք ասում ենք` 1996թ–ին ենթադրյալ սեփականաշնորհման գործընթացն ի՞նչ կապ ունի 2009թ–ի կաշառք վերցնել–չվերցնելու հետ։ Ասում են` մենք չունենք պարտավորություն հիմնավորելու, որովհետև օրենքը նման պահանջ չի դնում։ ՍԴ–ն արձանագրել է, որ եթե այդպիսի պահանջ չկա, ապա հակասահմանադրական է։ Որպեսզի լինի Սահմանադրությանը համապատասխանող, պետք է այդպիսի պահանջ լինի»,– նկատում է փաստաբանը` պարզաբանելով, որ օրենքում ակնհայտոորեն ժամկետ ամրագրելու խնդիր կա։
«Աչք շոյող» քաղաքական գործընթաց. նախկին դատախազը` ապօրինի գույքի բռնագանձման մասին
Բանն այն է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» գործող օրենքի համաձայն` ուսումնասիրությունը չի կարող վերաբերել 1991թ–ի սեպտեմբերի 21–ից առաջ ձեռք բերված գույքին։ ՍԴ–ն, սակայն, նշում է, որ այն չի կարող ընդգրկել անձի` պաշտոն ստանձնելուն նախորդող ժամանակահատվածը։
«Եթե անձը պաշտոնը ստանձնել է 2005թ–ին, 2005թ–ից առաջ ձեռք բերված գույքը չպետք է հետաքրքրի իրավապահներին»,– ՍԴ–ի որոշումը մեկնաբանում է Օրբելյանը։
Նա կարծում է, որ դատախազությունը պետք է ասօրվանից սկսած հաշվի առնի ՍԴ–ի դիրքորոշումը, կարճի դրան հակասող նախկին վարույթները, իսկ նոր գործերի հարուցման դեպքում պետք է շտկի իր մոտեցումը և փորձի բռնագանձել բացառապես հանցագործության արդյունքում ստացված գույքը, քանի որ
դրանց մեծ մասը, միևնույն է, դատարանում մերժվելու են, կամ հասնելու են միջազգային ատյաններ, որտեղ արձանագրվելու է միջազգային իրավունքի խախտումը։
Ինչ վերաբերում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում հնարավոր փոփոխություններին, փաստաբանը կարծում է, որ ԱԺ–ն պետք է սահմանի այն ժամկետը, որից առաջ ձեռք բերված գույքի նկատմամբ չի կարող ներկայացվել բռնագանձման պահանջ։
Հօգուտ Հայաստանի 350 մլն դրամի ապօրինի ծագումով գույք կբռնագանձվի. ԲԴԽ
Երկրորդը` պետք է հստակեցնի օպերատիվ գործունեության օրենսդրական կարգավորումները` ինչ կարող է ստուգվել օպերատիվ գործողության արդյունքում, ում հանձնարարությամբ, ինչ գործընթացներով։
Հավելենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` ապօրինի գույքի մեղադրանքով մինչ օրս դատարան է ուղարկել 136 հայցադիմում՝ ավելի քան 527 միլիարդ դրամի, 270 շարժական և 1381 անշարժ գույքի բռնագանձման պահանջով:
Կայացվել է 12 վճիռ, որոնցով պետությանն է վերադարձվել ավելի քան 6,6 մլրդ դրամի գույք։