ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցությունն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ Նա գրառում է արել X սոցիալական ցանցում։
«Խորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ Նորին սրբության հիանալի առաջնորդության մասին պետք չէ մոռանալ, քանի որ այն ուղղված է եղել աշխարհում խաղաղության ու արդարության հաստատմանը։ Այս ծանր կորստի առթիվ հայտնում եմ իմ ցավակցություններն աշխարհի բոլոր հավատացյալներին»,– գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան: Վատիկանում սկսվել է թափուր Աթոռի շրջանը (sede vacante)։ Այդ ժամանակ Առաքելական աթոռի տեղապահը փաստացի դառնում է կարդինալ-կամերլենգոն։ Այժմ նա աշխարհականների, ընտանիքի և կյանքի հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ, ամերիկացի կարդինալ Քևին Ֆարելն է։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել է 1936 թվականին Արգենտինայում, գահադրվել է 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։
Նա վերջին ամիսներին թոքաբորբով էր տառապում։