ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Այսօր առավոտյան մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Տեղեկությունը հայտնում է Vatican News-ը։
«Ֆրանցիսկոս սրբազան քահանայապետը Տոմուս Սանտա Մարթայի իր բնակարանում հոգին ավանդել է առ Աստված»,– գրում է կայքը։
Հռոմի պապը 88 տարեկան էր։
Հիշեցնենք` վերջին ամիսներին պապը տառապում էր թոքաբորբով։ Նա ապրիլի 20-ին` Սուրբ Հարության օրը, հավատացյալներին դիմել է Զատկի պատգամով, սակայն Վատիկանը Սուրբ Զատիկն այս տարի նշել է առանց Հռոմի Ֆրանցիսկոս պապի։
Նրա փոխարեն Սուրբ պատարագը մատուցել է կարդինալ Անջելո Կոմաստրին՝ Սուրբ Պետրոսի բազիլիկի պաշտոնաթող ավագ քահանան:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ծնվել է Արգենտինայում: Նա գահադրվել է 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։
Հիշեցնենք` Ֆրանցիսկոս պապը 2016 թվականի հունիսին եռօրյա առաքելական այցով ժամանել էր Հայաստան։ Նա Գյումրիում պատարագ էր մատուցել, ապա աղոթել սուրբ Էջմիածնում։
Հռոմի Պապն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա մեկնել էր Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում Սուրբ պատարագ էր մատուցել: Գյումրիում Հռոմի պապն այցելել էր Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստան» վանք, Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցի և Հայ կաթողիկե առաջնորդանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցի:
Երևանում` Հանրապետության հրապարակում, Հռոմի պապը մասնակցել էր էկումենիկ արարողությանը և խաղաղության աղոթքին։ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում` Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայ առաքելական և Հայ կաթողիկե եկեղեցիների արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ էլ մասնակցել էր պատարագին։ Եկեղեցիների առաջնորդները Խոր Վիրապի վանքում աղոթք էին բարձրացրել և խաղաղության աղավնիներ բաց թողել բիբլիական Արարատ լեռան ուղղությամբ։
Այդ ժամանակ հայերին հուզել էին Ցեղասպանության մասին Պապի խոսքերը. «Ոճրագործությունների կոծկումը կամ ժխտումը նման է արյունահոսող վերքի, որը վիրակապված չէ»: