ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների վատթարացման դեպքում վերջինս, որպես պետություն, կարող է դադարել գոյություն ունենալ։ «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային համաժողովում այս մասին հայտարարել է RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
«Ռուսաստանը շատ կտխրի, իսկ ահա Հայաստանը, ամենայն հավանականությամբ, ընդհանրապես չի լինի։ Սա է ողջ սարսափը», - նշել է Սիմոնյանը։
Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր և «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան նշել է, որ երկրների միջև հարաբերություններում արկա է տուրբուլենտություն՝ պայմանավորված Երևանի եվրաինտեգրման ձգտմամբ, թեև Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև կապը մնում է ամուր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումը չի նշանակում Հայաստանի ավտոմատ անդամակցում ԵՄ-ին՝ նման որոշումը պետք է ընդունվի հանրաքվեով: Ավելի ուշ նա հստակեցրել է, որ Հայաստանն «իրեն վատ չի զգում» ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների զարգացմամբ, բայց և միաժամանակ «բնակչության որոշակի և զգայուն մասը» երկրի ապագայի համար եվրոպական վեկտորի կողմնակից է:
Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլը հայտարարել է, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես Երևանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մեկնարկ:
Ընդ որում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան Հայաստանում ամրապնդվելու ԵՄ ձգտումը դիտարկում է որպես աշխարհաքաղաքական շահերի դրսևորում, որոնք հեռու են Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորումից: Նրա խոսքով՝ Եվրամիության նպատակն է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և թուլացնել անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը: