ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն այս պահին հանդիպում են ունենում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։
Ինչպես հայտնել ենք, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:
Մինչ կառավարություն մտնելը Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ հայրենիք վերադարձն իրենց ռազմավարական նպատակն է, բայց այս պահին ամենահրատապ հարցն Արցախի ժողովրդին Հայաստանում պահելն է արժանապատիվ պայմաններում։ Խոսքը և՛ բնակարանային, և՛ զբաղվածության, և՛ մի շարք այլ ծրագրերի մասին է։
«Առնվազն մեր ներքին հարցերը պետք է քննարկվեն և լուծում ստանան։ Արցախցիները պայքարում են ոչ թե ֆինանսական աջակցության համար, այլ արժանապատիվ և կայուն կեցության պայմանների, ինչպես նաև զբաղվածության արդյունավետ ծրագրերի համար։ Հիմնական պայմանների ստեղծման դեպքում մենք ինքներս կկարողանանք լուծել մեր խնդիրները»,– նշեց Բեգլարյանը։
Հիշեցնենք` Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվելու է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանա 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։
ՀՀ կառավարությունն այսուհետև աջակցություն է տրամադրելու միայն երեխաներին (մինչև 18 տարեկան), թոշակառուներին (63 տարեկանից բարձր), 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին։ Եվ նույնիսկ նրանց համար աջակցությունը կնվազի ամսական մինչև 40 000 դրամ, իսկ հուլիսից` մինչև 30 հազար։
Հավելենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։