ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Գյումրիի ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից` հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով: Sputnik Արմենիային այդ մասին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր, որ «Մեր քաղաքը» դաշինքի ներկայացուցիչ, ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանը և ևս մեկ կին առևանգվել են:
Գյումրիի քաղաքապետի` դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանն իր հրատապ ասուլիսի ժամանակ ասել էր, որ չի բացառվում, որ նրանք ձերբակալվել են «տխրահռչակ շիբինի գործով»։ Նա նաև նշել էր, որ Անահիտ Խալաթյանն առողջական խնդիրներ ունի։
Նշենք, որ Գյումրու արտահերթ ընտրությունների անցկացման համար գործում է 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։ Գյումրիում գրանցվել է 6 կուսակցություն և 3 դաշինք:
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։