ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Երևանում 40 և 41 տարեկան տղամարդկանց մոտ տարբեր տեսակի թմրանյութեր են հայտնաբերվել, նրանցից մեկը ձերբակալված է, մյուսը` կալանավորված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ մարտի 13-ին` ժամը 23։30-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով մայրաքաղաքի Արցախի պողոտայում ձերբալալվել և Էրեբունու բաժին են տեղափոխվել 40 և 41 տարեկան տղամարդիկ։
41-ամյա տղամարդուն խուզարկել են և հայտնաբերել 2 գրամ մեթամֆետամինի, 4,3 գրամ հաշիշի, 1,8 գրամ հերոինի և 16,4 գրամ ափիոնի նմանվող զանգվածներ:
Պարզվել է նաև, որ նա ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով: Նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Դատարանի որոշմամբ` մարտի 14-ին խուզարկություն է կատարվել նաև այդ տղամարդու փաստացի բնակության վայրում։ Հայտնաբերվել են շուրջ 2 կգ 810 գ. մեթամֆետամինի, 1 կգ 26,19 գ. մարիխուանայի, 812 գ. հերոինի, 229,52 գ. ափիոնի, 36 գ. կոկաինի և 30,52 գ. հաշիշի յուղի նմանվող զանգվածներ»,– ասված է հաղորդագրությունում:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
41-ամյա տղամարդը կալանավորվել է: Կատարվում է նախաքննություն: