ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանը և Թալին Յակուբյանը նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով գործուն քայլեր ձեռնարկել Բաքվում ապօրինի կերպով պահվող հայ գերիներին ազատ արձակելու համար, ինչը կապահովի նաև իրական խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև:
«Մենք Ձեզ կոչ ենք անում օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները հայ գերիների շուտափույթ ազատ արձակման համար»,- նշել են նամակի հեղինակները:
Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները նաև ընդգծել են, որ պետք է լինեն անվտանգության ամուր երաշխիքներ, բացի այդ, լինեն ծանր հետևանքներ, եթե Ադրբեջանը խախտի համաձայնագիրը:
Համանախագահները նաև լուրջ մտահոգություններ են արտահայտել Հայաստանի ինքնիշխան տարածքներում Ադրբեջանի շարունակական ռազմական ներկայության վերաբերյալ։ Ընդգծվում է՝ չնայած Հայաստանի պատրաստակամությանը՝ հասնելու կայուն խաղաղության համաձայնագրի, Ադրբեջանը շարունակում է անօրինական ցուցադրական դատավարությունները հայ գերիների նկատմամբ:
Համանախագահները հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի էթնիկ զտումները մնում են չլուծված հումանիտար ճգնաժամ։ Նամակում շեշտվում է, որ հայերի իրավունքների և կարգավիճակի հարցերը պետք է լուծվեն, և նրանց վերադարձի հիմնարար իրավունքը պետք է երաշխավորվի։
Համանախագահները Թրամփին նաև հիշեցրել են անցյալ տարի «հալածվող քրիստոնյաներին պաշտպանելու» և «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու» նրա խոստման մասին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: