ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվի դատարանում «ցուցմունքներ» են տվել երկու հայ՝ Կամո Էդուարդի Հայրապետյանը և Մուշեղ Գուրգենի Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նիստի ընթացքում Վարդանյանը կրկին միջնորդել է դատավորներին բացարկ հայտնել, սակայն միջնորդությունը նույնիսկ չի քննարկվել:
Նա, ինչպես և նախկինում, հրաժարվել է պատասխանել հարցերին։
Իսկ ահա «վկաներն» իբր ասել են, որ Վարդանյանը ֆինանսավորել է ջոկատների ստեղծումը և տարածքների ականապատումը, երեք ռազմական պահեստների կառուցումը՝ երկուսը Ստեփանակերտում և մեկը Ասկերանում, որտեղ «գործել են Հայաստանի բանակի զինծառայողներ և ԼՂ զինվորականներ»։
Ցուցմունք տվող հայերը հայտարարել են, որ իբր Վարդանյանը կարողացել է այդ պահեստներում բերել և հավաքել զգալի քանակությամբ զենք–զինամթերք, դրոններ և այլ ԱԹՍ–ներ, և «քարոզել է զինվել և կռվել ադրբեջանցիների դեմ»։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 18-ին:
Ավելի վաղ իր տեսաուղերձում Վարդանյանն ասել էր, որ դատում են ոչ թե իրեն և ևս 15 հոգու, այլ բոլոր հայերին: Նա Բաքվում տեղի ունեցողը որակել է իմիտացիա և շոու։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
Մարտի 1–ից «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը և ևս 2 երիտասարդ հացադուլ են անում Ազատության հրապարակում` ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայ գերիների և խնդրելով Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։