Հարավային Կորեայի նախագահն ազատ կարձակվի. ԶԼՄ

Յուն Սոկ Յոլ
Դատախազությունը կարող էր բողոքարկել այդ որոշումը, սակայն չի արել դա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն այսօր դուրս կգա մեկուսարանից։ Ի կատարումն Հարավային Կորեայի դատարանի որոշման, որով չեղյալ է հայտարարվել նախագահ Յուն Սոկ Յոլի կալանքի երկարաձգման խնդրանքը, երկրի դատախազությունը որոշել է նրան ազատ արձակել։ Տեղեկությունը հայտնում է «Yonhap» գործակալությունը։
Մինչ այդ Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ քննիչները խռովության մեղադրանքով ձերբակալել էին պաշտոնից ժամանակավորապես հեռացված, բայց գործող նախագահ Յուն Սոկ-Յոլին: Ինքը՝ նախագահը, կամավոր հարցաքննության գնալը որակել էր որպես արյունահեղությունից խուսափելու քայլ` ընդգծելով, որ չի ընդունում հետաքննության օրինականությունը։
«Արտակարգ ռազմական դրության հարցով դատախազության հատուկ քննության շտաբն այսօր հայտարարել է, որ Սեուլի քննչական մեկուսարանին է փոխանցել նախագահ Յունին ազատ արձակելու կարգադրությունը», - նշում է գործակալությունը։
Յուն Սոկ Յոլը կալանքի տակ է հունվարի 15-ից։ Մեկուսարանից նրան ազատ արձակելու որոշումը կայացվել է կալանքի երկարաձգման խնդրանքը մերժելու մասին դատարանի որոշումից 27 ժամ անց:
Դատախազությունը կարող էր բողոքարկել այդ որոշումը, սակայն չի արել դա։
Հիշեցնենք` 2024թ–ի դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը խորհրդարանական ընդդիմության գործողությունների պատճառով «հյուսիսկորեամետ տարրերի» դեմ պայքարելու նպատակով ռազմական դրություն սահմանեց, որը չեղարկվեց մոտ վեց ժամ անց: Ընդդիմությունը դեկտեմբերի 4-ին խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց էր նախաձեռնել՝ համարելով, որ նախագահը խախտել է սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության համար հիմքեր չեն եղել:
Դեկտեմբերի 7-ին Կորեայի Հանրապետության խորհրդարանում կայացավ նախագահի իմպիչմենտի վերաբերյալ քվեարկությունը: Իմպիչմենտ չհայտարարվեց, քանի որ իշխող կուսակցությունը բոյկոտեց քվեարկությունը։
Հարավային Կորեայի խորհրդարանը դեկտեմբերի 14-ին պաշտպանեց նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենտը. նախագահին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել էր 204, դեմ՝ 85 պատգամավոր:
Խորհրդարանի կողմից իմպիչմենտի հաստատման կապակցությամբ Յուն Սոկ Յոլի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։