«Ավրորայի» հավակնորդներից Ֆաթիման որոշել է մեկնել Բաքու և ներկա լինել Վարդանյանի «դատին»

Սայիդա Ղուլամ Ֆաթիման
Սայիդա Ղուլամ Ֆաթիման . Արխիվային լուսանկար
Սայիդա Ղուլամ Ֆաթիման բոլորին խնդրել է միանալ իրեն և ցույց տալ իրենց համերաշխությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. 2016 թվականին «Ավրորա» մրցանակի հավակնորդներից իրավապաշտպան Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»:
Այդ մասին հայտնում է Free Armenian Prisoners կազմակերպությունը Х-ի իր էջում:
«Հեշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն է պահանջում: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին: Խնդրում եմ միացեք ինձ՝ ցույց տալու ձեր համերաշխությունը՝ ինչպես կարող եք»,- գրել է իրավապաշտպանը:
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ձայնային ուղերձ է հղել և ընտանիքի անդամներին խնդրել է հրապարակել այն։ Նա ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու: Որ այն, ինչ անում է, ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու բոլորին այն անտարբերությունից, որում գտնվում են:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։