Ծաղկաձորում Կեչառիս վանական համալիրի մոտ թատրոնի շենք կկառուցվի

Մինչև 2029թ․ ավարտը կառուցվելու է նաև համայնքապետարանի համար վարչական շենք, ինչպես նաև ավտոկայանատեղի և քաղաքային զբոսայգի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Ծաղկաձորում՝ Կեչառիս վանական համալիրի մոտ, թատրոնի շենք կկառուցվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում։
Նախկինում համալիրի հարակից տարածքում եղել է գիշերօթիկ դպրոց, որը 1990-ական թվականներից չի գործում։ Տարածքում կան 5 շինություններ, որոնք անմխիթար վիճակում են և շահագործման ենթակա չեն։ Նախատեսվում է ապամոնտաժել գոյություն ունեցող շինությունները և տեղում կառուցել մինչև 3 վերգետնյա հարկերով երկու մասնաշենք։
Ջերմուկի ուրվականը․ ինչպե՞ս ստացվեց, որ շենքը տեր ունի, բայց անտեր է մնացել
Առաջին մասնաշենքը կծառայի որպես Ծաղկաձորի համայնքապետարանի վարչական շենք, իսկ մյուս մասնաշենքը կլինի թատրոնի համար։
Մինչև 2029 թվականի ավարտը պետք է կառուցվեն ոչ միայն համայնքապետարանի և թատրոնի շենքերը, այլև ավտոկայանատեղի 110-200 մեքենաների համար, ինչը կնպաստի նաև համայնքի կենտրոնական փողոցների բեռնաթափմանը։ Բացի այդ, կառուցվելու է քաղաքային զբոսայգի՝ մանկական խաղահրապարակով, հեծանվուղիով և մշակութային միջոցառումների կազմակերպման բացօթյա բեմահարթակով։
Ըստ որոշման հիմնավորման՝ ծրագրի իրականացումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, կունենա ժամանակակից և քաղաքակիրթ համայնքային կառավարման կենտրոն։
Գալի՞ս ես սահելու Սևանի վրա․ խենթությո՞ւն, թե՞ տուրիստական նոր գրավչություն
Ծաղկաձոր համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ են լինելու ֆինանսական մեծ միջոցներ, որոնք համայնքը կարող է տրամադրել իր սեփական ռեսուրսներից:
Որոշումն ընդունվելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ըստ էության, այս նախագծով Ծաղկաձորում 3հա տարածքը փրկվում է կոմերցիոն ներդրման տրամաբանությունից և հանրային նեդրում է ապահովվում։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հավելեց՝ Ծաղկաձորը՝ որպես ձմեռային տուրիզմի կարևոր վայր զարգացնելու համար, նոր ճոպանուղու և արհեստական ձյան համակարգի կառուցման անհրաժեշտություն կա՝ սեզոնը երկարաձգելու համար։