ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Արցախի ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում առաջին անգամ ցուցմունք է տվել։
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են, որ Մանուկյանն իբր ընդունել է իր «մեղքը»` հայտնելով, որ մասնակցել է Առաջին և Երկրորդ արցախյան պատերազմներում Ադրբեջանի բանակի դեմ տարվող մարտերին։
Մանուկյանը հայտարարել է նաև, որ իր մոտ եղած զենքը, որը հետագայում հայտնաբերվել է իր տանը, հաշվառված է եղել ՀՀ ոստիկանությունում։
Նա նաև ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենան վնասվել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքից, ինչի հետևանքով էլ իր վարորդն է վիրավորվել, բայց ինքը չի տուժել, քանի որ մեքենայից 20 մ հեռավորության վրա է եղել։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։