Բաքվում դատում են ոչ միայն կոնկրետ անձանց, այլև Արցախի ինքնորոշման իրավունքը. Օհանյան

Բաքվում ընթացող դատավարությունը
Սեյրան Օհանյանի կարծիքով` գերիների հարցը մշտապես պետք է լինի Ադրբեջանի հետ ՀՀ իշխանությունների բանակցային սեղանին, և մեր իշխանություններն այդ ուղղությամբ պետք է համապատասխան աշխատանք տանեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Բաքվում ընթացող կեղծ դատավարությամբ դատում են ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլև Արցախի ինքնորոշման իրավունքը, և մեղադրանքի սլաքներն ամբողջությամբ ուղղում դեպի ՀՀ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Բաքվում պահվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որն օրինական ճանապարհով է ընտրվել, և նրանք մեր մարտական ընկերներներն են։ Նրանց նկատմամբ այսօր անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, կեղծ դատավարություն է իրականացվում»,– ընդգծեց նա։
Ըստ Օհանյանի` գերիների հարցը մշտապես պետք է լինի Ադրբեջանի հետ ՀՀ իշխանությունների բանակցային սեղանին, և մեր իշխանություններն այդ ուղղությամբ պետք է համապատասխան աշխատանք տանեն։ Բացի այդ, Օհանյանի կարծիքով, այդ հարցն իր լուծման ամենաարդյունավետ հարթակում պետք է բարձրացվի` միջազգային ատյաններում։
«Եթե նույնիսկ գաղտնի աշխատանք է տարվում ՀՀ իշխանությունների կողմից, այն չպետք է բացառի հրապարակային աշխատանքը, և այն պետք է երևա ՀՀ–ում. իշխանությունները պետք է հոգատար լինեն գերիների ընտանիքների նկատմամբ և անմիջական կապի մեջ լինեն նրանց հետ»,– ընդգծեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։
Ըստ նրա` անընդհատ Ադրբեջանին զիջելը որևէ լավ տեղ չի տանելու, և մի օր դրա դեմը պետք է առնել։ Նա այն համոզման է, որ դրա միակ ճանապարհը ՀՀ պարտված իշխանությունների հեռանալն է։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
Դուք հանցակից եք ձեր լռությամբ. Մանե Թանդիլյանը կառավարությանը հիշեցրեց գերիների մասին