ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկողության մասնագետները մինչ օրս դեռ Հայաստան չեն ժամանել, պատճառը Սպիտակ տանը վարչակազմի փոփոխությունն է: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տարվա հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ամերիկյան մաքսային և սահմանապահ թիմը կուղևորվի Հայաստան՝ աջակցելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացմանը։
Օրերս ՀՀ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանը հայտարարեց, որ Հայաստան ԱՄՆ մաքսային և սահմանապահ թիմի նախատեսվող այցը տեղի չի ունեցել։
Ինչպես այսօր նշեց Հովհաննիսյանը` հունվարին ձեռք բերված պայմանավորվածությունները ոչ ոք չի չեղարկել, իսկ ժամկետների վերաբերյալ պետք է հաշվի առնել Վաշինգտոնում թիմի փոփոխությունը: Նա միաժամանակ հավաստիացրեց, որ հարևան Իրանի հետ ևս այս հարցը համաձայնեցված է։
Հիշեցնենք, որ Երևանի և Վաշինգտոնի ստորագրած փաստաթուղթն ընդգրկում է մի շարք առանցքային ոլորտներ, որտեղ ամերիկացիները մտադիր են «աջակցել» Հայաստանին: Դրանք են՝ տնտեսությունը (ներառյալ էներգետիկան և նորարարությունը), պաշտպանությունը, անվտանգությունը, ժողովրդավարության զարգացումը և արդարադատությունը։ Այսպես, համագործակցության բաղադրիչներից մեկը կլինի սահմանային անվտանգությունը և համատեղ հանձնաժողովի ստեղծումը։ Դրա շրջանակում Հայաստան պետք է ժամանեին մաքսային և սահմանային հսկողության խումբը՝ սահմանային անվտանգության ամրապնդման նպատակով։
Մեկնաբանելով ստորագրումը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դա Երևանի սուվերեն որոշումն է. Ռուսաստանն իր կողմից գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները և շարունակելու է զարգացնել դրանք: Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ ԱՄՆ–ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում: