ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Ադրբեջանում պահվող էթնիկ հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Ինչպես հայտնում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության՝ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակին կից մշտական ներկայացուցչությունը, Ժնևում ընթացող Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը։
«Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն»,- ասել Տյուրկը՝ իր կողմից ներկայացվող համապարփակ զեկույցում հատուկ անդրադարձ անելով Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ՝ ազգությամբ հայերի հիմնախնդրին։
Բարձր հանձնակատարն ընդգծել է նաև, որ ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին։ Նա հույս է հայտնել, որ դրանք կբերեն «ճշմարտության բացահայտման, ապաքինման և հաշտեցման գործընթացին»։ Հավելել է, որ իրենք պատրաստ են աջակցել գործընթացին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում այս պահին պահվում է Բաքվի կողմից հաստատված 23 գերի։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։