Մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄԻՊ

Ռուբեն Վարդանյան
Պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik․ Սոցիալական մեդիայի մշտադիտարկումների արդյունքում մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման և խոշտանգման մասին: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը:
Նա նշեց, որ ՄԻՊ լիազորությունների շրջանակներում շարունակվում են համապատասխան քայլեր իրականացվել։
«Հաշվի առնելով հարցի զգայունությունը և պաշտպանի աշխատակազմի՝ «չվնասելու սկզբունքով» աշխատելու կարևորությունը՝ վերոնշյալ գործընթացների վերաբերյալ այլ մանրամասները հրապարակայնորեն ներկայացնելն այս պահին նպատակահարմար չենք համարում»,- ասաց Ասլանյանը։
ՄԻՊ-ն ընդգծում է, որ շարունակում է խնդիրը բարձրաձայնել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարների շրջանում և կոչ անում բոլոր դերակատարներին շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկել խնդրի հասցեավորման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։