Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է Բաքվի դատարանում

Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը Բաքվում
Դատական նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանին առաջարկվել է ցուցմունք տալ, որից նա հրաժարվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է։ Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Վարդանյանը հայտնել է, որ իրեն վատ է զգում հացադուլի պատճառով։ Դատարանն ընդմիջում է հայտարարել: Այնուհետև, Վարդանյանին առաջարկվել է ցուցմունք տալ, որից նա հրաժարվել է։
Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը Բաքվում
Նշենք, Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19–ից հացադուլ է հայտարարել՝ այդպիսով իր բողոքն արտահայտելով ընթացող կեղծ դատավարության դեմ։
Նրան նաև հարցեր են ուղղվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լյովա Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի հետ ունեցած հարաբերությունների, «Ավրորա» հիմնադրամի գործունեության, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու և ՀՀ քաղաքացիություն ընդունելու պատճառների, ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, Զորի Բալայանի և այլոց հետ ունեցած կապերի մասին։
Ռուբեն Վարդանյանը առաջադրված այս հարցերից ոչ մեկին չի պատասխանել:
Վարդանյանի փաստաբանը Բաքվի դատարանի կազմը բացարկելու միջնորդություն է ներկայացրել, սակայն դատավորները այն անհիմն են ճանաչել և թողնվել առանց քննության` պատճառաբանելով, թե նման միջնորդությունը նախկինում արդեն քննարկվել է և բավարարելու հիմնավոր հիմքեր չկան։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 4-ին:
Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը Բաքվում
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 13–ին կայացած նիստում հայտնել է, որ հրաժարվում է պետության տրամադրած հանրային պաշտպան Ազեր Մագերամովի ծառայություններից, և իր շահերը պաշտպանելու է միայն պայմանագրային փաստաբան Աբրահամ Բերմանը։
Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 16 հոդվածով։ Մեղադրանքների թվում է «արտերկրում Ադրբեջանի դիվանագետների դեմ «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողություն նախաձեռնելը»։