ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենն աշխատում է բնականոն հունով։ Այս մասին հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
«Հարգելի քաղաքացիներ, նկատի ունենալով մեր թեժ գծին ձեր բազմաթիվ հեռախոսազանգերը՝ տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտենն աշխատում է բնականոն հունով։ Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործատուներին կոչ էր արել հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքի։ Փետրվարի 20-ի երեկոյան մի շարք ավտոբուսներ դադարեցրել են երթևեկել մայրաքաղաքի փողոցներով։ Պարզաբանվեց, որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով:
Հիշեցնենք, որ առատ ձյունն անբարենպաստ պայմաններ է ստեղծել Երևանում։ Փետրվարի 20-ի երեկոյից մայրաքաղաքի ճանապարհները գրեթե ամբողջովին փակվել են, ինչը խցանումների և վթարների պատճառ է դարձել:
Քաղաքային ծառայություններն օպերատիվորեն չեն հասցրել իրականացնել մաքրման աշխատանքներ։ Քաղաքում ստեղծված իրավիճակի պատճառով փակվել են դպրոցները, մի շարք բուհեր անցել են հեռավար ուսուցման կամ չեղարկել են դասերը։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը մեկ շաբաթ շարունակ զգուշացրել էր սպասվող ցիկլոնի մասին։