Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը միջնորդություն են ներկայացրել. դատարանը մերժել է

Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան
Դատական նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը կարողացել են առանձին հանդիպում ունենալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործով» հերթական «դատական նիստը»։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Վարդանյանի պաշտպանը դատավորների կազմին բացարկ հայտնելու միջնորդություն են ներկայացրել։
Դատավորները որոշել են միջնորդությունը թողնել առանց քննության` պատճառաբանելով, թե կոնկրետ հիմքերը բացակայում են։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբան Աբրահամ Բերմանը դատարանին խնդրել են պայմաններ ստեղծել իրենց առանձին հանդիպման համար: Դատարանը բավարարել է միջնորդությունը և այդ նպատակով ընդմիջել նիստը։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 13–ին կայացած նիստում հայտնել է, որ հրաժարվում է պետության տրամադրած հանրային պաշտպան Ազեր Մագերամովի ծառայություններից, և իր շահերը պաշտպանելու է միայն պայմանագրային փաստաբան Աբրահամ Բերմանը։
Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 16 հոդվածով։ Մեղադրանքների թվում է «արտերկրում Ադրբեջանի դիվանագետների դեմ «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողություն նախաձեռնելը»։