Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի` թուրք դիվանագետ Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ

Ավելի վաղ ՀՀ վարչապետը 12 առաջարկ էր ներկայացրել՝ ուղղված տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը, որոնցից մեկը վերաբերում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է արվել տարածաշրջանային նշանակության հարցերի:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, որի հաջողությունն էական դեր կունենա տարածաշրջանային կայունության ապահովման գործում։
«ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության և կայունության հաստատման ջանքերին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Ֆերիդուն Սինիրլիօղլուն ԵԱՀկ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է 2024թ․ դեկտեմբերի 6-ին։ Նա երկարամյա փորձառությամբ թուրք դիվանագետ է, 1996-200թթ․ եղել է Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի գլխավոր խորհրդականը, 5 տարի՝ 2002-2007թ․, ղեկավարել թուրքական դիվանագիտական ծառայությունը Իսրայելում։ 2009-2015թթ․ Սինիրլիօղլուն եղել է Թուրքիայի ԱԳ փոխնախարարը, իսկ 2015թ․ մի քանի ամիս զբաղեցրել ԱԳ նախարարի պաշտոնը, 2016-2023թթ․ եղել է ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին սոցցանցերում հրապարակեց իր 12 առաջարկները, որոնք, իր կարծիքով, կօգնեն երկարատև կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Դրանցից մեկն էլ վերաբերում էր Մինսկի խմբի լուծարմանը։
Մի քանի օր անց նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրառում կատարեց՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը:
Նա հիշեցրել էր, որ Փաշինյանն հարցազրույցներից մեկում անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը` ասել էր՝ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Նա նաև նշել էր` Հայաստանը պետք է համոզվի, որ այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը: