ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում ճակատագրական է համարել Արևմուտքի կողմից ռուսների հոգեբանությունը չհասկանալը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն Արևմուտքի հետ նախկին հարաբերություններին չի վերադառնա, քանի որ չի ների Ուկրաինայի հակամարտության պատճառով առաջացած թշնամական վերաբերմունքը։
Կարլսոնի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք փորձել Ռուսաստանին գոնե Swift համակարգ վերադարձնել, գոնե այդքան պարզ մի բանի, հիմա, երբ Բայդենի վարչակազմը հաջողացրել է Ռուսաստանին մղել Չինաստանի հետ խորը ինտեգրման, իսկ Պուտինն ամեն օր նկարագրվում է որպես Հիտլեր, Օրբանը պատասխանել է. «Ոչ, հետդարձի ճանապարհ չկա»:
«Դուք վիրավորում եք Ռուսաստանին, փորձում եք մեկուսացնել, տնտեսապես սպանել նրան, բոլոր միջոցներով աջակցում եք նրա թշնամուն, և դրանից հետո ասում եք․ «Չէ, մենք չենք կարծում, որ դա լուրջ էր, վերադարձեք և համագործակցեք մեզ հետ»: Դա այդպես չի աշխատում: Մենք պատմական սխալ ենք թույլ տվել, որը վճռորոշ է առնվազն հաջորդ 100 տարվա համար»,-ընդգծել է Օրբանը։
Հունգարիայի կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ուկրաինայի ձախողման պատճառներին։ Նրա կարծիքով՝ Կիևում չեն հասկացել Արևմուտքի իրական մտադրությունները՝ հույս ունենալով, որ հավերժ ստանալու են արևմտյան օգնությունը։
Ուկրաինայում հույս ունեին, որ Արևմուտքը միշտ իրենց թիկունքին է լինելու, սակայն արևմտյան քաղաքականության պատմությունից հասկացողները հասկանում են, որ դա սխալ պատկերացում է։
«Ես վստահ էի, որ վաղ թե ուշ ուկրաինացիներին մենակ կթողնեն և կասեն` պատերազմն ավարտված է, ֆինանսական և ռազմական աջակցությունն ավարտված է, եկեք պայմանավորվենք, նույնիսկ եթե հսկայական կորուստներ ունեք, հիմա ճիշտ պահն է, մենք չէինք ուզենա երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկին գնալ և չէինք ցանկանա Ռուսաստանի հետ ուղղակի հակամարտության ռիսկին դիմել: Իմ սիրտը ուկրաինացիների հետ է։ Բայց նրանք շատ-շատ-շատ մեծ խնդիրներ ունեն այն դիրքորոշման պատճառով, որն այժմ զբաղեցնում են այս ամբողջ հարցում»,-ասել է Հունգարիայի վարչապետը։
Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ վետո կդնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման վրա, Եթե Եվրահանձնաժողովը չկատարի Հունգարիայի էներգետիկ անվտանգության վերաբերյալ խոստումները: Նա կոչ էր արել վերացնել հակառուսական պատժամիջոցները էներգետիկայի ոլորտում։